Բորելը կոչ է արել խանգարել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի վերավաճառքին
Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի կողմից ռուսական նավթը որպես զտված, այդ թվում՝ դիզելային վառելիք Եվրոպային վերավաճառելու դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպա մտնեն... Հնդկաստանից և արտադրված լինեն ռուսական նավթից, ապա դա, անպայմանորեն, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն», - ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:
FT-ն նշում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Հնդկաստանը դարձել է ռուսական նավթահումքի խոշորագույն գնորդներից մեկը։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ շահույթ են ստանում՝ նավթահումքը գնելով զգալի զեղչով, իսկ հետո վառելիքը լրիվ գնով վաճառելով Եվրոպային։ Ըստ պարբերականի՝ այս առևտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները։
Բորելի խոսքով՝ ծովային ճանապարհով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը, որը սահմանվել էր 2022 թ.-ի դեկտեմբերին ԵՄ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների և Ավստրալիայի կողմից մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, թույլ տվեց կրճատել հումքի վաճառքից ստացվող Ռուսաստանի եկամուտները, և միանգամայն հասկանալի է ավելի էժան նավթի առավելություններից օգտվելու Հնդկաստանի ցանկությունը:
«Հնդկաստանի համար նորմալ է ռուսական նավթ գնելը: Մեր սահմանափակումների պատճառով Հնդկաստանը կարող է շատ ավելի էժան նավթ գնել, և որքան քիչ փող ստանա Ռուսաստանը, այնքան լավ է: Բայց եթե նրանք դա օգտագործում են, որպեսզի դառնան մի կենտրոն, որը վերամշակում է ռուսական նավթը, իսկ կողմնակի արգասիքները վաճառում է մեզ…, ապա մենք պետք է գործենք», - հավելել է նա:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա նվազեցնել ռուսական նավթի վաճառքը, պետք է իրականացվի ԵՄ-ի երկրների «ազգային իշխանությունների» կողմից։ Բրյուսելը, նրա կարծիքով, կարող է թիրախավորել ռուսական նավթահումքից արտադրվող հնդկական զտված վառելիքի գնորդներին։
«Եթե նրանք վաճառում են, նշանակում է, որ ինչ-որ մեկը գնում է: Մենք պետք է զբաղվենք նրանցով, ովքեր գնում են», - նշել է Բորելը:
Կարծիքներ