Փաշինյանը պատմեց, թե ինչպես են հասել 15 գերիների վերադարձմանը (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մոտ 15 րոպե առաջ 15 հայ գերիներ արդեն անցել են հայ-վրացական սահմանն ու արդեն հայրենիքում են:
Փաշինյանը հայտնեց մանրամասներ, թե ինչպես է հաջողվել հասնել 15 գերիների վերադարձմանը. «Երկու օր առաջ ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքըրի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանձնարարությամբ առաքելություն ունի ինչ-որ ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք համագործակցության ու ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում՝ այդ թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵՄ մեր գործընկերների, մեր 15 գերիները վերադառնում են Հայաստանհ: Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանցից անցել են Վրաստան, ապա Բագրատաշենով անցել Հայաստան»:
Վարչապետը նաև խոսեց գերիների դիմաց Ադրբեջանին ականապատման քարտեզներ փոխանցելու մասին. «Դա ճիշտ է, բայց մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել: Խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում՝ հայտնի հանգամանքների բերումով:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը անընդհատ շեշտել է հումանիտար ականազերծման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 9-ից հետո մենք պարբերաբեր որոշակի քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին՝ գերիների, մարմինների փնտրտուքի հարցում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն ժամանակի ընթացքում, մեզ համար անհասկանալի պայմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել»:
Կարծիքներ