Գեղարքունիքի մարզում նախատեսվում է զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը
Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն:
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը:
ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը, համայնքներում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, ենթակառուցվածների նորացմանը, գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին: Իր խոսքում Արման Վալեսյանը անդրադարձավ 2020-2023 թվականներին մարզում իրականացվող «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագրին՝ նշելով, որ այն իրականացվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 22 բնակավայրերում:
«Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: Աշխատանքները տարվում են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված»:
«Նախատեսում ենք հաջորդ տարի մարզում կյանքի կոչել փոքր և միջին բիզնեսների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստակամ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի դեպքում 70 տոկոս համաֆինանսավորում կատարել: Պլանավորել ենք մարզում զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը՝ մեղվափեթակների տրամադրման և ուսուցողական ծրագրերի իրականացման տեսքով, ստեղծել սերմերի վերարտադրության և լոգիստիկայի կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հողագործին՝ բարձր բերքատվություն ապահովելու հարցում»,- նշեց Արման Վալեսյանը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոսեց մարզում իրականացվելիք այն ծրագրերի մասին, որոնք կուղղվեն 2020 թվականին Արցախից տեղափոխվածների ինչպես նաև մարզում բնակվող առավել խոցելի խմբերում գտնվող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:
«Այդ ծրագրերի թվին են դասվում Արցախից տեղափոխվածների և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, անասնագոմերի բարելավումը, ինչպես նաև անասնակերի, տարբեր սերմացուների տրամադրումը»:
Եզրափակելով իրենց խոսքը ՄԱԶԾ ներկայացուցիչները նշեցին, որ տվյալ ծրագրերը տեսանելի ապագայում ավելի հաջողված կլինեն, եթե առավել սերտացվի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրեց, որ մարզպետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակականությունն ապահովելու համար:
Կարծիքներ