Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաև մարդասիրական օգնություն և 10 միլիոն կրոն
Այսօր կեսօրից հետո, Պրահայի ժամանակով ժամը 16-ին Չեխիայի փրկարարների հատուկ թիմը՝ բաղկացած 37 հրշեջներից, այդ թվում՝ 5 վարժեցրած շներով որոնողներից եւ բժշկից, մեկնեց Բեյրութ, իր հետ տանելով ոչ միայն մարդասիրական օգնություն, այլեւ Չեխիայի արտգործնախարարության կողմից տրվող դրամական օգնությունը՝ 10 միլիոն կրոն։
Բեյրութի քաղաքապետը ասել էր, որ հրշեջների կարիք ունեն։
Ինչպես նշեց Չեխիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Համաչեկը, չեխ փրկարարների խումբը մասնագիտացված է փլատակներից վիրավոր մարդկանց դուրս բերելու եւ առաջին օգնություն ցույց տալու մեջ։
Իսկ առողջապահության նախարարար Ադամ Վոյտեխը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել եւ բուժել 10 ծանր վիրավորված հիվանդի։
Չեխիայի նախագահ Զեմանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ եւ իր զորակցությունը հայտնել։
Բեյրութում Չեխիայի դեսպանությունից հայտնել են, որ տուժածների մեջ առայժմ Չեխիայի քաղաքացիներ չկան։
Նշվում է նաեւ, որ բացի Չեխիայից , Լիբանանին օգնության ձեռք մեկնելու հայտարարություններ են արել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Իրանը, Հայաստանը եւ այլ երկրներ, ինչպես նաեւ Եվրոպական Միությունը։
Կարծիքներ