Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվեց, որ նախաձեռնության ընդունումից հետո այլևս հնարավոր չի լինի ապօրինի սահմանահատման դեպքում խուսափել պատասխանատվությունից:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում լրամշակվել է նախաձեռնությունը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորումներով պատշաճ կապահովվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունը և պատժի անխուսափելիության սկզբունքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ մինչև երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Զեկուցողը հիշեցրեց, որ Վարչական և Վարչական Վերաքննիչ դատարաններում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում: Այդ իսկ պատճառով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում ներդրվում են գրավոր ընթացակարգեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում