Տարոն Մարգարյանը հայտարարագրել է Ավանի իր շքեղ առանձնատունը, բանկային հաշիվներում մեծ թվով գումարներ

Տարոն Մարգարյանը հայտարարագրել է Ավանի իր շքեղ առանձնատունը, բանկային հաշիվներում մեծ թվով գումարներ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը 2023 թվականի մայիսի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ որպես անշարժ գույք Մարգարյանը ներկայացրել է համատեղ սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, որը ձեռք է բերել 2007 թվականին։ Շինությունը գտնվում է Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքում։ Նա նաև հայտարարագրել է մեկ այլ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։

Մարգարյանը տարվա սկզբին հայտարարագրել է 2007 թվականին ձեռք բերված և նույն թվականի արտադրության «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Բանկային հաշիվներից մեկում նա տարեսկզբին ներկայացրել է 31 հազար 309 դոլար, որը տարեվերջին դարձել է 12 հազար դոլար։ Մեկ այլ հաշվում՝ 4 հազար 980 եվրո, որը տարեվերջին դարձել է 4 հազար 20 եվրո։ Մնացյալ հաշիվներում Մարգարյանը ներկայացրել է 420 հազար ռուբլի, որը տարեվերջին դարձել է 391 հազար 836 ռուբլի, ինչպես նաև 83.84 դոլար, 34.29 եվրո, 6.86 դոլար, որոնք տարեվերջին չեն պահպանվել։

Իր մյուս բանկային հաշվում նախկին քաղաքապետը ներկայացրել է 27 հազար 130 դրամ, որը տարեվերջին չի պահպանվել, և 973 հազար 268 ռուբլի, որը տարեվերջին դարձել է 690 հազար 803 ռուբլի։

Որպես կանխիկ միջոց Մարգարյանը հայտարարագրել է 13 հազար դոլար, 40 հազար եվրո, որոնք տարեվերջին չեն պահպանվել, ինչպես նաև՝ 89 միլիոն դրամ, որը տարեվերջին դարձել է 2 միլիոն դրամ։

Պատգամավորի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 6 միլիոն 57 հազար 141 դրամ, որը ստացել է Ազգային ժողովից՝ որպես աշխատավարձ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում