Ռուսաստանը ակնարկում է՝ եթե ընտրությունները չընթանան իր ցանկությամբ, կարող են հետևանքներ լինել. Արամ Սարգսյան

Ռուսաստանը ակնարկում է՝ եթե ընտրությունները չընթանան իր ցանկությամբ, կարող են հետևանքներ լինել. Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ կայացած Պուտին–Փաշինյան հանդիպման բաց հատվածում ՌԴ նախագահը, լրագրողների ներկայությամբ, կշտամբեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ Ես ծանոթ եմ ՌԴ ընթացակարգերին, շփումներ եմ ունեցել ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ ու անհնարին եմ համարում, որ նա տեղեկացված չլիներ, որ ՌԴ քաղաքացիությամբ անձը չի կարող այլ երկրում դառնալ վարչապետ։ Վստահ եմ, որ հանդիպման բաց հատվածում Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի առկայության շեշտադրումը կայսերական վերաբերմունքի դրսևորում էր՝ ծայրագավառներում ղեկավար նշանակելու տրամաբանությամբ։ Այսինքն՝ կարևոր չեն ձեր ներքին օրենքներն ու ընթացակարգերը, կարևորը կայսրի ցանկությունն է։ Սա է Ռուսաստանի հավաքական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այսօր, երբ հայ-ռուսական հարաբերություններում փորձում ենք դուրս գալ ենթակայի կարգավիճակից, ՌԴ-ն կարող է գնալ իրեն բնորոշ կոշտ քայլերի։ Այդ համատեքստում, իմ կարծիքով, պատահական չէր, որ ՌԴ նախագահը խոսում էր գազի գնի, ապրանքաշրջանառության և ՌԴ-ում բնակվող հայերի թվի մասին՝ ակնարկելով, որ այդ գործոնները կարող են փոփոխվել, եթե ՀՀ ընտրությունները չընթանան իրենց ցանկությամբ։ Այսօր էլ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ եթե ՌԴ ընկերությունների ներկայությունը կասկածի տակ դրվի ՀՀ-ում, իրենք էլ կարող են արգելել ՀՀ բիզնեսի ներկայությունը ՌԴ-ում։ Վստահ եմ, որ այսպիսի սպառնալիքներով են Սերժ Սարգսյանին մտքափոխել սեպտեմբերի 3- ին, այսպես են հայկական գազատարը խլել մեզնից, ու այսպես են պատրաստվում ապագայում վարվել Հայաստանի հետ՝ դարձնելով գաղութ։ Ակնհայտ էր նաև Պուտին–Քոչարյան հարաբերություններում «քիմիայի» փոփոխությունը, քանի որ եթե ունես ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող գործընկեր, ի՞նչ իմաստ ունի այլ թեկնածուի գովազդով զբաղվել։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը քո ձեռքում է։ Հունիսի 7-ին՝ ոչ մի ձայն ՌԴ էմիսար կուսակցություններին։ Սա այն եզակի հնարավորությունն է, որը կարող է պարտադրել ռուսական կայսրությանը հաշվի նստել մեր պետականության և ձեր կարծիքի հետ, ու՝ թող Աստված օրհնի ձեզ և Հայաստանը...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում