Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանությանը սթափվել․ Ռուբեն Ռուբինյան
Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին այսօր ԱԺ-ում անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա, մասնավորապես, անդրադարձավ Թուրքիայի արձագանքին։ Ինչպես նա հայտնեց, երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին եւ, ըստ էության, պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին։ Սա, Ռուբինյանի համոզմամբ, նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ եւ եւս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ չի կարող որեւէ միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի Ղարաբաղյան հակամարտությանը։
Նա նաեւ հայտնեց, որ ըստ այսօր թուրքական մամուլում շրջանառվող հարցազրույցի, Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել։ «Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանությանը սթափվել, ապա՝ սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որովհետեւ եթե վերջիններս չսթափվեն եւ անհապաղ չդադարեցնեն ապօրինի եւ ագրեսիվ գործողությունները սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր Զինված ուժերը, իսկ սթափեցնել մեր Զինված ուժերի մոտ, ինչպես ցույց տվեցին երեկվա եւ այսօրվա գործողությունները, ստացվում է շատ լավ»,- եզրափակեց պատգամավորը։
Կարծիքներ