Իրանի խորհրդարանի պատգամավորը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով
Իրանի խորհրդարանի պատգամավոր Իսա Ջաֆարին մահացել է կորոնավիրուսի հետեւանքով, հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
Փետրվարյան ընտրությունների արդյունքներով ժողովրդական ներկայացուցիչ ընտրված Ջաֆարին իր պարտականությունների կատարումը ստանձնել էր բոլորովին վերջերս՝ մայիսի վերջից, երբ 11-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:
Ջաֆարին խորհրդարանի կազմում պլանավորման եւ բյուջեի կոմիտեի անդամ էր: Նա նախկինում էլ ուներ օրինաստեղծ գործունեության փորձ՝ 8-րդ գումարման խորհրդարանում (2008-2012 թվականներ):
Պատգամավորի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բագեր Գալիբաֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարծիքներ