Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 9-ին, անդրադարձել է երեկ տարածված սկանդալային ռեպորտաժին, որում պարզ է դառնում, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Ինչ-որ մարդիկ զանգել են ինչ-որ տեղ, ասենք, եթե Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոսի) անունից հանդես գային, այդ մարդն ուրիշ բա՞ն էր ասելու։ Ինչ-որ մարդիկ զանգում, իմ անունից ինչ-որ բան են ասում, հետո ինչ-որ մարդ ինչ-որ բան է պատասխանում, հետո Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ իմ այցի ժամանակ Ստամբուլում պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ մեկը չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին, մոռացե՞լ էին։
Կամ ի՞նչ կապ ունեն թուրքը, վրացին, ռուսը, հայը, դա լրացուցիչ էմոցիա է: Ես ի՞նչ մեկնաբանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ լրացուցիչ էմոցիա է նաև այն, երբ ԶԼՄ-ներում վերնագրերում գրում են՝ հայ ըմբիշը հաղթեց թուրքին, օրինակ, երբ ճապոնացուն հաղթեր, նույն էմոցիան չէ՞ր լինելու:
Նա ռուս պրանկերներին կոչ արեց զանգել ու Կտրիճ Ներսիսյանի անունից բոլոր պաշտոնյաների հետ խոսել, տեսնել՝ ինչ կասեն։
«Կամ էլ թող զանգեն, կալուգացի օլիգարխի անունից խոսեն»,- հավելել է Փաշինյանը։


Կարծիքներ