Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։
«Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում։ Սա ճիշտ է։ Մենք ավելի ուշ կշարունակենք խոտը հնձել», - ասել է Նեթանյահուն Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։
Իսրայելն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստան էր գտել ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 800 000 մարդ է տեղահանվել։
Մայիսի սկզբին Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որն այդ ժամանակից փակ է։
Հարցազրույցում Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ է ՀԱՄԱՍ-ի հետ «մասնակի համաձայնության», որի ընթացքում կվերադարձվեն Գազայում գտնվող որոշ պատանդներ։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ պատերազմը կշարունակվի հրադադարից հետո՝ «հասնելու ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակին»։
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկած երեք փուլով հրադադարի պլանը․ այն ենթադրում է մարտական գործողությունների մշտական դադարեցում, որի դիմաց ազատ կարձակվեն Գազայում մնացած բոլոր պատանդները, ինչպես նաև Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուի դիրքորոշումը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի և ԱՄՆ նախագահ Ջո Բանդենի առաջարկի մերժում։
Ինչ վերաբերում է Իսրայելի հյուսիսի վրա ուշադրությունը կենտրոնացնելուն, Նեթանյահուն հայտնել է, որ դա նախ կարվի պաշտպանական նպատակներով և երկրորդ, հնարավորություն կտա, որ Լիբանանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները տուն վերադառնան։
«Եթե դա կարողանանք անել քաղաքական ճանապարհով, հրաշալի կլինի, իսկ եթե ոչ, ապա մենք այլ ձևով դա կանենք, բայց մենք տուն կվերադարձնենք բոլորին՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի բոլոր բնակիչներին», - ասել է նա։
Գազայի հատվածում պատերազմի ընթացքում «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Իսրայելի հյուսիսում և Լիբանանի հարավում գտնվող գյուղերի բնակիչները տեղահանվել են։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։
Կարծիքներ