Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել զինյալների հարձակումների պատճառով
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում զինյալների հարձակումների ավելի քան 15 զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի վարչակազմը։
«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում հայտարարված են սգո օրեր: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Սերգեյ Մելիքովը», - հաղորդագրությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սգո օրերին ամբողջ հանրապետությունում կխոնարհվեն պետական դրոշները։ Տարածաշրջանում գտնվող մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
«Դաղստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զոհվածների և տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար», - նշել են իշխանությունները:
Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 15 իրավապահ և մի քանի խաղաղ բնակիչ, վիրավորվել է 16 մարդ։ Այս քաղաքներում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Կարծիքներ