Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Հայաստանում Պարեկային ծառայության մեքենաների վրա արտաքին նոր ձևավորման տարբերակում հայերեն գրառումները կգլխավորեն:

 Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:

«Դժբախտաբար, առաջին փորձն անհաջող էր, ավտոմեքենաների վրա հայերենը գերակա չէր, գերիշխողն օտար լեզվական նյութն էր: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դիտարկումները բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին համապատասխան պաշտոնյաները: Լեզվի կոմիտե ուղարկել են նոր առաջարկներ, լուսանկարներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ գրությունները: Ես գոհունակությունս արտահայտեցի, որ այդ նախագծով մեքենաների վրա բոլոր կողմերից հայերենը գերիշխող է»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ նոր տարբերակն արժանացել է իրենց հավանությանը:

Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում