Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Կոտայք մարզ, ծանոթացել Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։
Աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում և Հայաստանում կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգի ներդրման առաջին փորձն է։
Նախարարի պաշտոնակատարը մարզպետ Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, շինարարության կապալառու «Tunnel Sadd Ariana» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների իրականացման ընթացքը։ Նոր աղբավայրի տարածքում ներկայումս ընթանում են թափոնների հեռացման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներ՝ տեղադրվում են կեղտաջրերի հեռացման և գազի հավաքման խողովակներ, ընթացքի մեջ են վտանգավոր թափոնների պահեստի, աղբատար մեքենաների կշռման համար համապատասխան ենթակառուցվածքների և երթուղու համար նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։
Ս․ Պապիկյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել ըստ ժամանակացույցի և սահմանված որակային չափանիշներին համապատասխան։
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
Կարծիքներ