ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն. ովքե՞ր կարող են օգտվել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։
Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։
Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։
Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։
Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։
Սկսած նոյեմբերից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։
Կարծիքներ