…Որ շարունակեն բաբախել սրտերը. հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է
Ամբողջ աշխարհում հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր, և տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ:
Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
«Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքվող արյան քանակը: 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր 6 000-7 000 արյունատվություն, 2020 թվականին ցուցանիշը հասել է 25 000-ի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված համավարակային իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս: Արյունաբանական կենտրոնը՝ հանդիսանալով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմին, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է «Հանձնե՛ք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը»»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հունիսի 14-ին` ժամը 9։00-13։00-ը, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են և կարող են լինել այս կարևորագույն առաքելության մասնակիցը։
Կարծիքներ