Չինաստանը դատապարտել է G7-ի ամփոփիչ հայտարարությունը
Չինաստանը ծայրահեղ դժգոհություն և բողոք է հայտնում Անգլիայում կայացած G7 գագաթնաժողովում իր դեմ արված հայտարարությունների կապակցությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում:
G7- ի գագաթնաժողովի ավարտին, որը հունիսի 11-ից 13-ը անցկացվել է Անգլիայի հարավային Քորնուոլ կոմսությունում, G7- ը հանդես է եկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Չինաստանի հետ համագործակցությունը շարունակելու օգտին, բայց Չինաստանի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու իրավունքները, հատկապես Սինցզյանում և Հոնկոնգում: G7- ի առաջնորդները շեշտել են «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծումը», ինչպես նաև մտահոգություն են հայտնել Արևելաչինական և Հարավչինական ծովերում տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Մեծ յոթնյակի գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեն աղավաղված փաստեր է պարունակում Սինցզյանի, Հոնկոնգի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. իրականը ներկայացվում է որպես կեղծ, Չինաստանը դիտավորյալ արատավորվում է: Սա Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում… Մենք հայտնում ենք մեր ծայրահեղ դժգոհությունն ու վճռական բողոքը», – ասվում է հայտարարության մեջ:
Դեսպանության խոսնակը նաև նշել է, որ «COVID-19 համաճարակը շարունակում է մոլեգնել աշխարհում, համաշխարհային տնտեսության վերականգնումը շարունակվում է դանդաղ տեմպով, իսկ կլիմայի փոփոխության նման գլոբալ խնդիրներն ավելի տեսանելի են դառնում»:
Նա շեշտել է, որ այդ ֆոնին միջազգային հանրությունը միասնականության և համագործակցության կարիք ունի, բայց գագաթնաժողովը աշխարհին ցույց է տվել դաշինքի ուժի քաղաքականության օրինակ, որն արհեստականորեն ստեղծում է առճակատում և բաժանում:
«Մենք ԱՄՆ-ին և G7- ի մյուս անդամներին հորդորում ենք հարգել փաստերը, դադարեցնել Չինաստանին զրպարտելը, դադարեցնել միջամտությունը ներքին գործերին և դադարեցնել Չինաստանի շահերի խարխլումը», – ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ