Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտը աննախադեպ են եղել վերջին 170 տարում. Սամվել Բալասանյան

Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտը աննախադեպ են եղել վերջին 170 տարում. Սամվել Բալասանյան

Երեկ Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտը աննախադեպ են եղել վերջին 170 տարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հարցին, թե ջրատար համակարգն ինչպե՞ս է աշխատել, քաղաքապետն ասաց, որ հիդրոմետլայնի վիճակագրությամբ, հուլիս ամսին պետք է լիներ 46 մմ տեղումներ, բայց իրականում մեկ օրվա ընթացքում եղել է 81 մմ. «Շատ հետաքրիր է, որ 170 տարի իրենց ընդհանուր գործունեության մեջ առաջին աննախադեպ երևույթն է, ինձ համար ևս աննախադեպ երևույթ է, այսպիսի իրավիճակ երբեք չեմ տեսել: Ես գոհություն եմ հայտնել, որ այն փողոցներում, որոնք անցած տարի ՎԶԵԲ-ով կառուցեցինք և շահագործում ենք, յուրահատուկ էր ջրահեռացման համակարգը»:

Քաղաքապետն ասաց, որ խորհրդակցություն է եղել, հանձնարարականներ են տրվել, որպեսզի հասկանան, թե ինչով կկարողանան օգնել բնակիչներին:

Սամվել Բալասանյանն ասաց, որ այսօր ընդունել են ավտոկայանի թաղամասի բնակիչներին, հանձնարարություն է տրվել տարբեր մարմիններին, որպեսզի տեղում ուսումնասիրություններ անեն. «Բնակչի համար ամեն ինչ անելու ենք, ցույց ենք տալու ֆինանսական օգնություն, ուսումնասիրենք, հասկանանք, ավագանու արտահերթ նիստով ներկայացնենք: Պետք չէ շտապել, երեք օրից կլինի ավագանու նիստ, կմտածենք, թե օգնելու ինչ հնարավորություն ունենք: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք Կառավարությանը»,-ասաց Բալասանյանը:

Տուժած մեքենաների մասին էլ Բալասանյանն ասաց, որ դրանք սեփական մեքենաներ են, հավանաբար եղել է 3 մեքենա, եթե դրանց վերաբերյալ դիմումներ լինեն, նիստին կքննարկեն, իսկ բազմաբնակարան շենքերի հարցով զբաղվում են համատիրությունները, տեղյակ են, որ նկուղներում ջուր է հավաքված, երեկ ԱԻՆ 5 բրիգադ է ուղարկվել, մինչև գիշեր աշխատել են:

«Սեփական սեկտորին օգնելու են, կտուրների հետ կապված օգնելու են, հիմա վերլուծություններ են կատարվում... Ամեն ինչ արվում, աշխատանքները շարունակվում են հետևանքները վերացնելու ուղղությամբ, հավանաբար վաղը քաղաքն իր նախկին տեսքը կունենա»,- ասաց քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում