Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Քրեական վարույթի շրջանակներում 2024 թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, կրիստալ տեսակի թմրամիջոց։ Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40-ամյա բնակչից։
Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40-ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում:
2024 թ․ նոյեմբերի սկզբներին 40-ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772 գ մարիխուանա տեսակի, 559 գ հաշիշ տեսակի և 274 գ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ