Կյանքից հեռացել է վիրաբույժ, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանը

Կյանքից հեռացել է վիրաբույժ, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը։

Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականին Երևանում: 1955-1961 թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 1961-1963 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում:

1963-1988 թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969 թ.` դոկտորական թեզեր: 1988-ից ղեկավարում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է, 1987-ից՝ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000-ից Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահն է:

Հովհաննես Սարուխանյանի ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 մենագրություններում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում, նաև նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանված 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններում ընդհանրացված են սրտանոթային, կրծքային, ստամոքսաղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախտանիշի, սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսությունն ու գործառությունը: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր:

2013 թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Հովհաննես Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում