Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայդենն ավելի քան 1 րոպե դուրս չի եկել մեքենայից (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս գալուց առաջ ավելի քան մեկ րոպե է անցկացրել արդեն կայանված մեքենայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն այն պահի մասին է, երբ Բայդենը ժամանել է ժնևյան «Լա Գրանժ» վիլլայի մոտ, որտեղ մեկնարկել են նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
Տեսանյութում երևում է, որ Շվեյցարիայի նախագահը կանգնած է մի քանի մետր հեռավորության վրա և պատուհանի միջոցով է նայում Բայդենին:
Նշենք, որ Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:
«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, ուստի գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ:
Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել:
«Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ սկսելիս:
Ընդմիջումից հետո կողմերը կսկսեն ընդլայնված կազմով երկխոսությունը: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար 5 ժամ է նախատեսված:
Կարծիքներ