Պարզվել են տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Մասնավորապես քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերի 13-ին, տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին, ուղեվարձի շուրջ վիճաբանել է տվյալ տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիատավորությամբ, ձեռքով հարվածել է նրա աչքին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ աչքի կոպերի արյունազեղումների, ձախ ակնագնդի սալջարդի` ուղեկցված հիֆեմայով, հեմոֆթալմով և ձախ աչքի տեսողության և ֆունկցիայի կորստի ձևով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ