ԵՊՀ գիտական խումբը հայտնաբերել է մանրէի նոր տեսակ
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Գիտական խումբը, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է Հայաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ մանրէների կազմի հետազոտություններով և փորձում գտնել դրանց հնարավոր կիրառությունը տնտեսության ամենատարբեր ճյուղերում:
Այս ընթացքում գիտական խումբը հայկական երկրաջերմային աղբյուրներից մեկուսացրել է թերմոֆիլ մանրէների բազմաթիվ տեսակներ, որոնք կարևոր են ոչ միայն կենսաբազմազանության վերծանման, այլև մեծ հեռանկարներ են բացում կենսատեխնոլոգիայում կիրառման տեսանկյունից՝ սկսած գարեջրի արտադրությունից մինչև ներկայումս լայն տարածում գտած կորոնավիրուսի հայտնաբերման համար կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայում:
Ըստ գիտական խմբի ղեկավար Հովիկ Փանոսյանի՝ այս տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքներն արտացոլված են ոլորտի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում հրատարակված աշխատանքներում:
Նրա խոսքով՝ երկարատև և անդուլ աշխատանքի, ինչպես նաև գերժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ խմբի անդամներին (Հ. Փանոսյան և կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Մարգարյան) հաջողվել է Արցախի Քարվաճառի հայտնի երկրաջերմային աղբյուրից մեկուսացնել և նույնականացնել թերմոֆիլ էնդոսպոր առաջացնող մանրէի՝ գիտության համար նոր տեսակ, որը կոչել են տեղանքի անունով՝ «Anoxybacillus Karvacharensis»:
«Այդ ուղղությամբ հետազոտությունները սկսվել են դեռևս 2011 թվականից: Թեպետ նշված աղբյուրը ներկայումս հասանելի չէ հայ հետազոտողներին, բայց մինչ այդ խմբի անդամները լայնածավալ հետազոտական աշխատանքներ են կատարել՝ պարզելու աղբյուրի մանրէաբանական կազմը»,- ասել է ԵՊՀ դոցենտը:
Վերջինիս տեղեկացմամբ, մանրէների նոր տեսակի հայտնաբերումը բարդ ու բազմափուլ գործընթաց է. «Հեշտ չի եղել այդ փուլերով անցնելու երկարամյա ու պատասխանատու ուղին: Նախ մանրէն ընդհուպ մոլեկուլային մակարդակով համեմատվել է մինչ այժմ հայտնի ազգակից բոլոր տեսակների հետ, ապա համոզիչ փաստարկներով ցույց է տրվել դրա տարբերությունը մյուսներից: Այնուհետև այն անվանակոչվել է՝ համաձայն Մանրէների անվանակոչման միջազգային կոդեքսի և ներկայացվել ոլորտի ամենահեղինակավոր ամսագրում (IJSEM) տպագրության»:
Հ. Փանոսյանի պնդմամբ՝ գիտական խմբի անդամները պատվով հաղթահարել են փորձությունները և միջազգային բոլոր կանոնակարգերի համաձայն՝ գիտական հանրույթին ներկայացել հայերեն անվանում ունեցող մանրէի նոր տեսակով:
Կարծիքներ