Բնիկների մշակութային ցեղասպանություն Կանադայում
Մեկ շաբաթում չորս կաթոլիկ եկեղեցի է հրկիզվել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, որտեղ ապրում են երկրի բնիկ ժողովուրդները: Վերջին երկու եկեղեցին այրվել են տարբեր բնակավայրերում մեկ ժամի տարբերությամբ: Ոստիկանությունը հաստատել է, որ կատարվել են հրկիզումներ, և չի բացառում, որ դրանք փոխկապակցված են:
Մեկ ամիս առաջ էլ, նույն նահանգում՝ տեղի հնդկացիների երեխաների համար գիշերօթիկ դպրոցի տարածքում, հայտնաբերվեցին 215 անչափահասի աճյուններ: Օրերս Սասկաչեվան նահանգում ավելի քան 750 անանուն գերեզմաններ հայտնաբերեցին նույն տիպի հաստատության մոտ՝ հայտնում է BBC-ն:
19-րդ դարի վերջին Կանադայում հիմնադրվել էին հաստատություններ, որտեղ բռնի տեղավորում էին հնդկացի երեխաներին: Նրանց արգելվում էր շփվել իրենց ընտանիքների հետ, խոսել իրենց մայրենի լեզվով, և ստիպում էին ընդունել քրիստոնեություն: Դպրոցները ղեկավարում էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցին: 150 հազար աշակերտից ավելի քան երեք հազարը մահացել է հիվանդությունից ու ծեծից: Ձուլման ծրագիրը Կանադայում գործել է 1863-1998 թվականներին:
2008 թվականին Կանադայի իշխանությունների ստեղծած հանձնաժողովը պարզեց, որ շրջանավարտների մեծ մասը չի վերադարձել իրենց համայնքներ և հարկադրական ձուլման քաղաքականությունն անվանեց մշակութային ցեղասպանություն: Կանադայի կառավարությունը ներողություն է խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից:
Կարծիքներ