Տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված միջոցառում
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ տուն-թանգարանի հիսունհինգամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի բարեկամ մշակույթի գործիչներ և գիտական խորհրդի անդամներ, նախկին աշխատակիցներ:
Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հյուրերին շնորհավորեց Երևանում առաջին երաժշտական հուշային թանգարանի բացման տարեդարձի առիթով և կարևորեց աշխատակիցների դերը մշակութային այս կարևոր կենտրոնի կայացման գործում: Ներկայացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ա. Սպենդիարյանի ժառանգության հանրահռչակման գործում տուն-թանգարանի դերը արժևորող խոսքով և բարեմաղթանքներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը նա հանպատրաստից և սրտաբուխ կատարեցիր «Անանձնություն» երգը: Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը, որը ներկայացնում էր տուն-թանգարանի՝կես դարից ավելի շարունակվող տարեգրությունը:
Սպենդիարյանականերկերի՝ փողային նվագարանների համար փոխադրումներով հանդես եկան Թամար Հարությունյանը (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանը (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանը (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր):
Թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին, Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին:
Տոնական օրն ու տրամադրությունն ամփոփվեցին և ամբողջացան խմբակային լուսանկարներում:
Կարծիքներ