Մեկնարկել է ԱԳՆ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025-ի ՄԱԿ-ի մոդել համաժողովը
Փետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։
Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվա ՄԱԿ-ի մոդել համաժողովը թվով երկրորդն է, և այն նվիրված է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 33-րդ ամյակին և ՀՀ դիվանագետի օրվան։ ՎահանԿոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի մոդել համաժողովի միջոցով Հայաստանի երիտասարդության շարունակական ներգրավվածությունը ԱԳ նախարարության և ՄԱԿ գործունեությանը, ինչը լավ հնարավորություն է առավել խորությամբ ծանոթանալու միջազգային գործընթացներին և բազմակողմ դիվանագիտության առանձնահատկություններին։ Նա հույս է հայտնել, որ համաժողովը նպաստ կբերի ապագայում դրա մասնակիցներից շատերի կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերի համալրմանը։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ներկայացրել է կայուն զարգացման, մարդու իրավունքների, հումանիտար, միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում ՄԱԿ-ի կողմից ներդրվող ջանքերը և երիտասարդների ներգրավումը կազմակերպության աշխատանքներին։ Նա անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ միջև ծրագրային համագործակցությանը՝ այդ համատեքստում ընդգծելով ընթացիկ ծրագրերում երիտասարդների ներգրավվածության կարևորությունը։
Կարծիքներ