ՀԱՊԿ կոնտինգենտը Ղազախստանում իրականացնում է մի շարք ռազմավարական օբյեկտների պահպանումը
ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով։
«Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինները և զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում երկրում կարգուկանոնը և օրինականությունը վերականգնելու, մարզերում արտակարգ դրության պահպանումն ապահովելու համար։ Ստեղծվել են անցակետեր մի շարք ռազմավարական օբյեկտների մոտ, որոնք պաշտպանության նպատակով փոխանցվել են ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական խաղաղապահ զորախմբին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, ուժային կառույցները շարունակում են «մաքրել» բնակավայրերը։ «Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում ահաբեկիչներին հայտնաբերելու և կալանավորելու, ապացույցների բազան հավաքելու և փաստաթղթավորելու, համապատասխան փորձաքննություններ անցկացնելու համար», - ասել է պետության ղեկավարի գրասենյակը։
Տոկաևը կարգադրել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ որոշ շրջաններում անկարգությունների հետևանքների վերացման համար։
«Նախագահը հանձնարարել է արագ սկսել Ալմաթի քաղաքի և այլ շրջանների վարչական շենքերի, սոցիալական և կոմունալ օբյեկտների վերականգնման աշխատանքները»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ