ՀԱՊԿ հայտարարությունն ընթացիկ է. Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ հայտարարությունն ընթացիկ է. Արարատ Միրզոյան

Միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք: Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած մարտական գործողություններից:

«Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Դիվերսիայի փորձը կանխվել է, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցած դիվերսիայի: Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներից, այդ թվում և հրետանային, նրանք գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերին, մենք տեսանք կադրեր, որոնք վկայում են այդ մասին, արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների, մանկապարտեզների վրա, բայց բարեբախտաբար զոհեր չկան»,-ասաց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ այդ ամենը խիստ դատապարտելի է, միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են:

«Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին»,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ըստ Արարատ Միրզոյանի արձագանքը ընթացիկ է:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում