Չեխիայում խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումները

Չեխիայում խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումները

Չեխիայում երկուշաբթիից զգալիորեն խստացրել են սոցիալական սահմանափակումները, որոնք կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման պատճառով մտցվել էին մեկ շաբաթ առաջ արտակարգ իրավիճակի ռեժիմի հետ միաժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ազգային առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որոշել ենք երկուշաբթիից 14 օրով սառեցնել մշակութային-զվարճալի միջոցառումները։ Կանգ կառնի փաստացի ամբողջ մշակութային կյանքը։ Փակ կլինեն թատրոնները, կինոթատրոնները։ Սա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք իսկապես [կտրուկ] սահմանափակել ազատ ժամանակ քաղաքացիների ակտիվությունը»,- նշել է Պրիմուլան։

Երկուշաբթիից արգելվում է նաեւ բոլոր զանգվածային սպորտային միջոցառումների անցկացումը՝ «պրոֆեսիոնալ եւ սիրողական»։ Հնարավոր է մարզվել միայն բաց մարզադաշտերում այնպես, որ մարզիկների թիվը քսանից չանցնի։ Սպորտային բոլոր փակ օբյեկտները փակվում են։ Բացառություններ հնարավոր են միայն միջազգային մրցումների համար, որոնք անցկացվելու են առանց երկրպագուների։

Հանրապետությունում ուրբաթից արդեն փակ են լողավազանները, լողափերը, ֆիթնես կենտրոնները, շոգեբաղինքները եւ սպորտային այլ օբյեկտները։ Սկսել են խիստ սահմանափակումներ գործել խանութներում եւ առեւտրի կենտրոններում։ Այնտեղ տեղակայված ճաշարաններում եւ սրճարաններում սեղանների շուրջ կարող է նստել 2 մարդուց ոչ ավելի։ Անջատված են Wi-Fi-ի անվճար ցանցերը, որ գնորդները երկար չմնան փակ տարածքներում գտնվող առեւտրի կետերում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում