ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ
Սեպտեմբերի 3-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվել են նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտել է համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի բացառապես խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։
Քննարկվել է ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը։ Խորհրդակցությունների մասնակիցները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում անդրսահմանային սպառնալիքների գործոնի ուժեղացման, ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվության և դրանց արդյունքում Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի առնչությամբ։
Կողմերը մտքեր են փոխանակել COVID-19 համավարակի պայմաններում համատեղ անվտանգային մթնոլորտը պահպանելու, ՄԱԿ խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ անդամ պետությունների հնարավոր ներդրում ունենալու, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ջանքերը համադրելու վերաբերյալ հարցերի շուրջ:
Կարևորվել է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման պրակտիկան՝ դիրքորոշումների առավել մերձեցման և փոխըմբռնման մեծացման համատեքստում։
Կարծիքներ