Քննություն է տարվում պարզելու Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները
2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կատարված դեպքի վայրի զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ