Լուկաշենկոն 2008 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան է նշանակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոյին նշանակել է ԱՄՆ-ում երկրի դեսպան, համապատասխան որոշումը երկրի նախագահն ընդունել է հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:
Բելառուսն ու ԱՄՆ-ն ծրագրում են այս տարի վերադարձնել դեսպաններին` 12-ամյա ընդմիջումից հետո: Արդեն հայտնի է, որ Մինսկում Վաշինգտոնի ներկայացուցիչը կլինի Ջուլի Ֆիշերը:
Օլեգ Կրավչենկոն 49 տարեկան է, ծնվել և մեծացել է Մինսկում: Ավարտել է Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Դիվանագիտական ծառայության մեջ է 1994 թվականից:
2008 թվականին Բելառուսի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել էին Վաշինգտոնի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումից հետո, ինչի հետևանքով Վաշինգտոնից հետ էր կանչվել Բելառուսի դեսպան Միխայիլ Խվոստովը: Այդ ժամանակվանից ի վեր դեսպանատները ղեկավարում էին ժամանակավոր հավատարմատարները:
Կարծիքներ