Լուծվել է 200 հա հողատարածքի ոռոգման ջրի խնդիրը

Լուծվել է  200 հա հողատարածքի ոռոգման ջրի խնդիրը

 Արգավանդն Արմավիրի մարզի զարգացող համայնքներից է. միայն 2019 թվականին Արգավանդում ամբողջությամբ հիմնանորոգված և կահավորված մանկապարտեզ է բացվել: Արմավիրի  մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ շահագործման է հանձնվել նոր մարզագույքով համալրված մարզադահլիճը:

 Բացի այս, խորքային հոր է հորոտվել` լուծելով 200 հա հողատարածքի ոռոգման ջրի խնդիրը:

 Իսկ արդեն 2020 թվականին Արգավանդ համայնքում հակակարկտային երեք կայան կկառուցվի, բացի այդ, կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ:

Հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ:

Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:

 Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:

 Սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:

Համայնքում անխափան լուսավորություն ունենալու, համայնքային կյանքն ակտիվացնելու և անվտանգ դարձնելու համար կանցկացվեն սենսորային համակարգով գործող արևային լեդ լուսարձակներ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:

 Երկու ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 30 ժամանակավոր աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում