Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է «Թբիլիսիի շուկաները Սևանի սիգով լցվելու» մասին լուրերը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Անի Հակոբյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը: Համաձայն դրա` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։
Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար: Որսաշրջանի ողջ ընթացքում որսացել են շուրջ 204 տոննա ձուկ: Սահմանված կամ տրված թույլտվություններում ամրագրված չափաքանակի գերազանցում տեղի չի ունեցել: Մինչև արդյունագործական ձկնորսության կանոնակարգումը և կանոնակարգումից հետո որսված ձկան պաշարի մեծ մասը պահվում է սառցարանային տնտեսություններում, ապա հանվում վաճառքի նաև արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո:
Կարծիքներ