Իմ աշխատանքային կենսագրությունը համապատասխանում է հանձնաժողովի աշխատանքներին. Վահե Ղալումյան
Անցած երկու տարիների ընթացքում մեր հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, և համոզված եղեք, ընտրվելու դեպքում այդ աշխատանքներին կվերաբերվեմ ավելի մեծ պատասխանատվությամբ:
Այս մասին ԱԺ-ում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագհի պաշտոնի թեկնածու Վահե Ղալումյանը:
«Իմ անցած կյանքի աշխատանքային կենսագրությունը բավականին համապատասխանում է մեր հանձնաժողովի աշխատանքներին: Տեղական ինքնակառավարման մասով 4 անգամ ընտրվելով Իջևանի ավագանու անդամ, բավականին ակտիվորեն եմ մասնակցել այդ գործերին, և այդ տարիների ընթացքում պատկերացում կազմել և այնուհետև իմ պատկերացումներն ավելացրել որպես Տավուշի մարզպետ աշխատած տարիներին»,– ասաց նա:
«Գյուղատնտեսության հետ առնչվել եմ մանուկ հասակից, ինքս որոշակի ժամանակ զբաղվել եմ անասնապահությամբ: Բնապահպանության առումով ես ուզում եմ ազնվորեն նշել, որ իմ պատկերացումներն ամբողջական չեն, բայց հանձնաժողովի և ԱԺ իմ գործընկների հետ միասին համոզված եմ, որ այդ բնագավառում նույնպես կարդարացնենք մեզ վերապահված պատասխանատվությունը»,- ասաց նա:
Կարծիքներ