Միրզոյանը Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 16-ին հանդիպել է Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:
«Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության Ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։
Կարծիքներ