Ռուսաստանը «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներով ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա

Ռուսաստանը «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներով ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա

Մարտի 22-ի գիշերը և առավոտյան ռուսական զորքերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածները հասցվել են Խարկովի, Վիննիցայի, Սումիի, Լվովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանների թիրախներին։

Ընդգծվում է, որ հարվածներն իրականացվել են հիմնականում անօդաչու թռչող սարքերի, «Իսկանդեր», «Կինժալ» և «X-101» հրթիռների միջոցով։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ սա վերջին ժամանակների ամենամեծ հարձակումն է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են տարբեր շրջաններում արտադրական օբյեկտներ, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման համակարգեր։ Երկրում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի և ինտերնետի խափանումներ։ Նախարարը նշել է, որ էներգետիկներն արդեն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Մի շարք հարվածների արդյունքում լրջորեն տուժել է Դնեպրի հիդրոէլեկտրակայանը։

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասվել են Վիննիցայի շրջանում գտնվող Լադիժինսկայա հիդրոէլեկտրակայանը և Խարկովի մարզի Զմիևսկայա ՋԷԿ-ը։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանները։

Պաշտոնական այլ տեղեկատվություն դեռ չկա։

«Ուկրէներգո»-ի ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին ևս հայտարարել է, որ Ուկրաինայի էներգահամակարգին հասցված հարվածները բոլոր ժամանակների ամենամեծ հարձակումն են:

Կուդրիցկու խոսքով՝ այս հարձակումը բնութագրվում է համակցված զենքի կիրառմամբ։ Հարձակումներն իրականացվել են Ուկրաինայի տարբեր շրջանների, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների, ինչպես նաև «Ուկրեներգո»-ի ղեկավարած հիմնական ենթակայանների վրա։

Խարկովում վնասի մասշտաբներն ավելի մեծ են, քան մյուս շրջաններում, նշել է Կուդրիցկին, այնտեղ թիրախները եղել են արտադրությունը, բարձրավոլտ ենթակայանները և բաշխիչ օպերատորների ենթակայանները։ Տեղի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ շրջկենտրոնն ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։

«Ցավոք, Ուկրաինայի տարբեր շրջաններում, հիմնականում Դնեպրի ձախ ափին, էներգիայի մատակարարման սահմանափակում կա»,- հավելել է «Ուկրեներգո»-ի ղեկավարը։

Մեկնաբանելով Դնեպրի հիդրոէլեկտրակայանի հրթիռակոծությունից հասցված վնասը՝ նա ասել է, որ առայժմ ամբարտակի կոտրման վտանգ չկա, վնասի կարգավիճակը ճշտվում է և վերջնականապես պարզ կլինի մի քանի ժամից:

Թիրախավորված բոլոր շրջաններում կան տուժածներ, զոհեր և ավերածություններ քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում