Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 2-ին:
«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի ով հնարավորություն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցնի, հետաձգի գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնան Վրաստան»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում:
Նախկին նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերին՝ նշելով, որ ինքը չի վախենում ձերբակալությունից։ Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին հրապարակայնորեն կհայտնի ավելի ուշ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը շատ է սպասում Սաակաշվիլիի ժամանմանը և նրան կնվիրի «փողկապների հարուստ հավաքածու», ինչպես նաև «կնստեցնի վերանորոգված բանտ»:
Կարծիքներ