Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք. ԿԳՄՍՆ

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք. ԿԳՄՍՆ

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե  մեդալակիր Արթուր Ալեքսանյանը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» հետ համատեղ 2020 թ.-ից ի վեր իրականացնում  է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի  խթանումը հայ երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակում 2020 թ.-ին ՀՀ բոլոր մարզերից 16 հանրակրթական ուսումնական հաստատություններ ստացել են յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ նոր մարզագույք: 2021 թ.-ին 25 հանրակրթական դպրոց ևս ավելացել են այդ ցանկին:

Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք սպորտային միջոցառումներ, միջդպրոցական սպորտային մրցումներ, սպորտային մարտահրավերներ, վիկտորինաներ, ինչպես նաև հանդիպումներ հայտնի մարզիկների հետ: Հատուկ ուշադրության են արժանանալու հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ներառումը սպորտային միջոցառումներում:

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները՝ ուղարկելով դպրոցի կողմից պատրաստված կարճ տեսահոլովակ, որը կպատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների,  համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 244 դպրոց ՀՀ բոլոր մարզերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում