ԵԽ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը

ԵԽ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել՝ դրանց որակը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարությունն իրապես արդեն իրողություն է Հայաստանում։ Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում ընտրությունները դիտարկելու և տրված գնահատականի համար։

Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 2020 թ․Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց  խնդիրները։

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրն ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է քննարկել երկարաժամկետ և հեռանկարային նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի օժանդակություն տրամադրել՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ  լուծմանը։

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, առկա պատկերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել ծրագրի մանրամասները։

Նախարար Գնել Սանոսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ աջակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում: