Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթները
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ փետրվարի 14-24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները:
Կայազորի զինվորական դատախազները ներկայացրել են զինված ուժերում հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրները:
Կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորի տարածքում տեղակայված զորամասերում և այլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին:
ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և պարտադիր ու պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներն ու դասախոսություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու, քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս:
Հանցագործությունների կանխման տեսանկյունից Գրիգոր Էլիզբարյանը նաև հանձնարարել է արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև մահվան դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով, դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով:
ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:
Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Գրիգոր Էլիզբարյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
Կարծիքներ