Արդյունավետության բարձրացում, վերահսկողություն. Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։
Տվյալները ՀՀ ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում:
«Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ անհրաժեշտություն չեն ունեցել այցելել վարչական շրջաններ, որպեսզի 0-ական տեղեկանք ստանան: Համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում ապրիլի 1-ից գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային Mulberry համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի այն պատասխանատուներին, ովքեր ապահովեցին համակարգի լիարժեք ներդրումը քաղաքապետարանում:
«Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, որը միանշանակ տալիս է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորություն: Այսուհետ բոլոր հանձնարարականները լինելու են Mulberry-ով, այն, ինչ-որ թղթային տարբերակով դեռ մնացել է, իհարկե, դրանք ավարտին կհասցնենք: Սա հիմնարար փոփոխություն է, և, միանշանակ, տալու է արդյունքներ ու նպաստելու է քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Ապրիլի 1-ից մայրաքաղաքում մեկնարկել է ոչ պիտանի գովազդային վահանակների ապամոնտաժումը: Գործընթացը համակարգված կազմակերպելու համար վարչական բոլոր շրջաններում գույքագրումն ավարտվել էր: Ծրագրի մեկնարկը տրվել է Նոր Նորքից և կիրականացվի վարչական բոլոր շրջաններում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը զեկուցել է, որ արտաքին գովազդի ոլորտում ճշգրիտ հաշվառում կատարելու և դաշտը վերահսկելի դարձնելու նպատակով մշակվել է էլեկտրոնային քարտեզ: Նշվել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում գովազդի թույլտվություն տրամադրելու ողջ գործընթացը թվայնացնելու համար:
Կարծիքներ