Խորհրդային Միությունը հայերի շրջանում խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը․ Փաշինյան

Խորհրդային Միությունը հայերի շրջանում խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը․ Փաշինյան

Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում:

Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար:

Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:

Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում»,- ասաց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում