Որպես ժողովուրդ Արցախը ետ բերելու հստակ տեսլական պետք է ձևավորենք. Տաթևիկ Հայրապետյան

Որպես ժողովուրդ Արցախը ետ բերելու հստակ տեսլական պետք է ձևավորենք. Տաթևիկ Հայրապետյան

Երբ ես պատմության ֆակուլտետում ընտրում էի ադրբեջանագետի մասնագիտությունը, շատերը կային, որ ասում էին՝ Ադրբեջանն ի՞նչ երկիր է, որ ուսումնասիրում ես, ի՞նչ լեզու է ադրբեջաներենը, որ սովորում ես...Կյանքիս վերջին 10 տարին առնվազն նվիրել եմ Ադրբեջանի քաղաքական կյանքի ուսումնասիրությանը, փորձել տարբեր տեղերում իմ գիտելիքով օգտակար լինել, որքանով է ստացվել կամ ոչ, դատողն ու գնահատական տվողը ես չեմ:

Ես գիտեմ՝ Արցախը իմ ինքնությունն է, իմ անբաժան մասը, որից ես երբեք չեմ հրաժարվի՝ անկախ ամեն ինչից: Ես իմ ամբողջ էությամբ ու գիտելիքով ավելի համառորեն կշարունակեմ ծառայել հայրենիքիս, կշարունակեմ պայքարել իմ ու ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը ետ բերելու համար: Պարտության պատճառները խորն են, շատ են, սկսած մեր` 94 թ.-ի հաղթանակից հետո որդեգրած քաղաքականությունից՝ վերջացրած 44 օրվա պատերազմում ցուցաբերած սխալներով ու ուժերի իրական անհամաչափությամբ: Մենք ադրբեջանական բանակի դեմ չէինք պատերազմում, սա արձանագրված փաստ է:

Ես այն մարդը չեմ, որ սխալների փնտրտուքը սկսեմ ուրիշից, ես դա սկսում եմ ինքս ինձնից...

Գիտեմ, որ հայ ժողովուրդը շատ ծանր հարված է կրել, գիտեմ, որ աշխարհաքաղաքական՝ մեզանից դուրս գործընթացներ են ընթացել, ինչպես և պատմության մեջ բազմաթիվ անգամներ, բայց նաև գիտեմ, որ եթե մենք չպնդանանք, չհավաքենք մեզ՝ քանդվածներիս, ավելի բարդ իրավիճակում կարող ենք հայտնվել: Պատերազմը չի ավարտվել, թուրքը չի դնջացել... Ի վերջո, սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են:

Որպես ժողովուրդ Արցախը ետ բերելու հստակ տեսլական պետք է ձևավորենք, որովհետև մեզ արդեն մեկ անգամ հայրենազրկել են, եթե անգամ տասնամյակ տևի, պետք է հասնենք այն իրավիճակի, որ ետ բերենք մեր ինքնության անքակտելի մասը, միասին, ուժեղ, հզորացած...երկար ու բարդ ճանապարհ է սպասում յուրաքանչյուրիս անհատապես ու մեզ միասին՝ որպես ժողովուրդ, բայց հաջողությունը կախված է այսօրվա մեր սխալների գիտակցումից, ընդունումից ու շտկումից...

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար կյանքը զոհած յուրաքանչյուր մեր անմահացած հերոսի, նրա ընտանիքի առաջ, իրենք մեզ կյանք են բաշխել, և այդ կյանքը պարտավոր ենք ծառայեցնել այն հաղթանակի կերտմանը, որի համար իրենք նահատակվել են...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում