Թմրամիջոցների մասին ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները հնարավորություն կտան թմրամիջոցների շրջանառության ողջ ցիկլը ավելի խիստ կարգավորել. փոխնախարար
Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի մասին ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ոչ թե սահմանում է նոր լիազորություններ՝ թմրամիջոցների շրջանառության հետ կապված, այլ, ընդհակառակը, հնարավորություն է ընձեռում թմրամիջոցների շրջանառության ողջ ցիկլը ավելի խիստ կարգավորել եւ ունենալ լիցենզավորված գործունեություն: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Նշված նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային Ժողովում, սակայն մի քանի առաջարկություն է արվել, որոնք կառավարության կողմից ընդունվել են: ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի քննարկումից հետո օրինագիծը նախատեսվում է ներկայացնել երկրորդ ընթերցման համար:
Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, օրենքում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն առավել վերահսկողական մեխանիզմների կիրառմանը եւ դրանք ավելի ճիշտ կազմակերպելուն: Նախագծով հնարավորություն է ստեղծվում գիտահետազոտական եւ փորձագիտական լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումը թույլատրել միայն լիցենզավորման պարագայում:
Կարծիքներ