Արիանայի ծնունդն է էսօր. առաջին ծնունդն առանց իր ֆիզիկական ներկայության. Սյունե Սևադա

Արիանայի ծնունդն է էսօր. առաջին ծնունդն առանց իր ֆիզիկական ներկայության. Սյունե Սևադա

Արիանայի ծնունդն է էսօր։ Առաջին ծնունդն առանց իր ֆիզիկական ներկայության։ Եթե օֆիսը լիներ, եթե Արիանան լիներ, եթե պատերազմը չլիներ, էսօրվա բոլոր հոդվածները պրավալ էինք տալու՝ ամեն տարվա պես, Արարատը իջներ պադվալից «Կատարո» բերեր, որովհետև շամպայնը մեզ քիչ է, ու որովհետև էսօր նաև Արարատի ծնունդն է՝ պիտի կրկնակի խմենք, Սոնչիկը միրգը կտրատեր, Տաթևը փնտրեր ու գտներ միշտ անհետացող անձեռոցիկները, Գարեգինը ֆոտոներ աներ, պարոն Ազարյանը անեկդոտները պատմեր, Գոգն ու Տիկուշը սեղանը գցեին, ես հետո սուրճը սարքեի, Բռոն գնար խանութի «տասովկեքը տենար», անպայման որոշեինք, որ Արիանայի մտնելուց պիտի սինքրոն բղավենք Happy Birthday-ը, ու չստացվեր, ոնց միշտ։

Էսօր պիտի մեր օֆիսի խոհանոցում էլի իրար փաթաթված նստած լինեինք, խոսեինք ամեն ինչից, կեսը անգլերեն, կեսը՝ հայերեն, մեզնից մեկը ինչ-որ պահի ծուլորեն ծոր տար, թե՝ էրեխեք, բա նյութերը, խառը պատասխանեինք՝ հա լավ, ռադ արա, վաղը կանենք։

Շատ բան կտայի, որ նորից տեսնեի՝ ոնց է աչքերը փայլելով խոսում Արցախի մասին։ Ոնց է սիրում շախմատը, հայերին, էստեղի կյանքը։ Ոնց է ծիծաղելով պատմում քյարթերից։ Ոնց է, հենց ձայններս բարձրանում է ոգևորված մի բան քննարկելիս, սենյակի դուռը բացում ու հետաքրքրված հայացքով ասում՝ guys, what the fuck is going on?

Երանի էսօր տորթ փնտրեինք, պլանավորեինք՝ օրերը տաքանան, երեխեքը էլի գնան Շուշի, լավ նյութեր բերեն։ Ծուլորեն թիկնեինք խոհանոցի անկյուններում, մեկը ասեր՝ ժողովուրդ, բա գործերը, ասեինք՝ ռադ արա, հետո։

«Ճամփորդը» չկա։ Օֆիսը չկա։ Արիանան չկա։ Շուշին չկա։ Մի տարվա մեջ կորցրինք ինչ կարող էինք, ում կարող էինք։

Մնաց Արիանայի՝ Հնդկաստանից մեզ բերած էս մոմակալները, որոնցից գրեթե բոլորս ունենք։ Որը խնամում ենք նուրբ մարմնի պես, սիրում անասելի, փայփայում մեղմաբար, որովհետև երբ մարդկանց մարմինը կորցնում ես, մարմնի սերը դնում ես գոնե իրերի մեջ, որ ֆիզիկական ներկայություն ապահովես։ Որ իրերը մարմին դառնան։ Որ սերը մարմին ունենա։

Ծնունդդ շնորհավոր, Արի։ Սիրում ենք քեզ ու շատ ենք կարոտում։ Շատ ենք կարոտում։ Շատ ենք կարոտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում