Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները

Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները

Երևանում մարտի 26-ին կայացել է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակման արարողությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարկը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ ու տեքստիլ արտադրողներ, ոլորտի տեղական ու միջազգային գործընկերներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար և այն տաղանդն ու ստեղծագործական  ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաև նորաձևության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։

Երկամյա ծրագրի նպատակն էր բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտի տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել  նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ձեռքբերումները՝ կարողությունների զարգացման և ՓՄՁ-ներին աջակցություն՝ նորարարական բիզնես հմտությունների և տեխնիկական գիտելիքների արդիականացում, «Արտադրված է Հայաստանում» հարթակի առաջմղում տեղական և միջազգային շուկաներում, Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների մասնակցությունը Fashion Scout-ի առցանց հարթակում, courses.fdc.am կրթական առցանց հարթակի ստեղծում, որի նպատակն է ոլորտին առնչվող նորարարական մեթոդական էլեկտրոնային մոդուլների տրամադրումը սկսնակներին, ՓՄՁ-ներին և ուսանողներին, «Նորաձևության և տեքստիլ ոլորտի կրթական համակարգի առկա մարտահրավերները» հետազոտության արդյունքներ, Էկո-նորաձևության արշավ, որի նպատակն է իրազեկել առկա բնապահպանական այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նորաձևության և տեքստիլ արդյունաբերության հետ, «Հայաստանում կայուն տեքստիլ արտադրության և վերամշակման մատակարարման շղթայի մոդելի ստեղծում․ գործողությունների ճանապարհային քարտեզ, հետազոտություն, Miashop.am-ի միասնական առցանց խանութի ստեղծում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում