ՀՀ և Արցախի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին առնչվող հարցերի

ՀՀ և Արցախի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին առնչվող հարցերի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 4-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԳ նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի  հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։

Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր  մակարդակը և գործնական բնույթը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում