ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
ՀԱՊԿ-ը Բաքվին ու Երևանին կոչ է արել կարգավորել սահմանային իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Տեղեկացվում է, որ աշխատանքներ են կազմակերպվել՝ իրավիճակի կարգավորմանը ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:
Կազմակերպության պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել։ Արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում այս տարվա սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած հրադադարի պահպանման գործում։
Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանն աջակցության կոչով դիմելու կապակցությամբ, կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորմանը ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
Կարծիքներ