Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը
Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։
Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաև տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր:
«Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց:
Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը:
Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը։
Կարծիքներ